«Աերոֆլոտ»-ը հուլիսի 8-ից կդադարեցնի չվերթները դեպի Վրաստան
Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 8-ից դեպի Վրաստան իրականացվող թռիչքները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ուղևորները, ովքեր տոմս են ձեռք բերել հուլիսի 8-ի կամ ավելի ուշ իրականացվելիք թռիչքի համար, կարող են առանց հավելյալ վճարի կամ տուգանքի թռիչքը տեղափոխել մինչև հուլիսի 8-ը, ինչպես նաև ամբողջովին վերադարձնել տոմսը՝ առանց պահումների։
Որպես այլընտրանք՝ առաջարկվում է նաև ձեռք բերված տոմսով թռիչքն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով կամ Վլադիկավկազով։
Նշենք, որ ընկերությունն ամռան ամիսներին շաբաթական 14 չվերթ է իրականացնում դեպի Վրաստան։