Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից կարգելվեն Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան ավիափոխադրումները:
Երկրի ղեկավարը նաև հանձնարարել է կառավարությանը ապահովել Վրաստանում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացիների վերադարձը:
Հիշեցնենք, որ Վրաստանում երեկ և այսօր բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: