211652_close_icon
views-count1697 դիտում article-date 12:58 18-06-2019

ՀՀ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներն այցելել են Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին

Հունիսի 17-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը հանդիպեցին Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի` հատուկ քննչական ծառայության տնօրեն Ժիդրունաս Բարթկուսի և ծառայության տնօրենի տեղակալ, Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Ռութա Կազիլունիթեի հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչներին ներկայացվեց Լիտվայի հատուկ քննչական ծառայության գործունեության երեք ուղղությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, հակակոռուպցիոն կանխարգելում և հակակոռուպցիոն կրթություն, ինչպես նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այլ ասպետկներ։ Ծառայությունը ստեղծվել է 1997 թվականին՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմին, սակայն կոռուպցիայի դեմ պայքարն առավել արյդունավետ իրականացնելու նպատակով այն սկսել է իր գործունեությունը ծավալել նաև հակակոռուպցիոն կանխարգելման ու կրթության ուղղությամբ։ 2018 թվականից Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի կազմում ստեղծվել է նաև հակակոռուպցիոն վերլուծական ստորաբաժանում (Analytical Anti-Corruption Intelligence Department), որը միտված է բացահայտել երկրում տիրող զանազան կոռուպցիոն սխեմաներ։ Նշյալը հանդիսանում է ևս մի փաստարկ՝ հօգուտ կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները մեկ մարմնի կողմից իրականացնելուն, քանի որ ռեսուրսները բաշխվում են արդյունավետ, և նշյալ ստորաբաժանումն արդյունքում հանդիսանում է կապող օղակ կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուներում առկա խնդիրները վեր հանելու, վերլուծելու և երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը բարելավելու ուղղությամբ։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում հատկանշական է նաև այն, որ Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի կողմից, որպես կանխարգելիչ գործառույթ, իրականացվում է բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման վեթթինգ, այդ թվում՝ դատավորների։ Ծառայության տնօրենի տեղակալ, Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի ղեկավար տիկին Ռութա Կազիլունիթեն նշեց, որ այդ գործընթացում բոլոր մարմիններից և տվյալների բազաներից հավաքագրվում է թեկնածուների վերաբերյալ տեղեկատվություն և դրա հիման վրա կազմված եզրակացությունը ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումն իրականացնող իրավասու մարմիններին, որոնք էլ կայացնում են վերջնական որոշումը։ Ամփոփելով՝ Ծառայության տնօրեն պարոն Բարթկուսը նշեց, որ ցանկացած երկիր պետք է որոշի երկրի հակակոռուպցիոն մարմնի մոդելը՝ ելնելով իր երկրի առանձնահատկություններից և համատեքստից։ Սակայն, ուղենիշային պետք է լինի երկրում առկա քաղաքական կամքի առկայությունը, որի իրական լինելու պարագայում լավագույն տարբերակը մեկ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալն է։ Նշյալը պարոն Բարթկուսը բացատրեց նրանով, որ մի քանի հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը կարևոր է նաև այն դեպքում, երբ դեռևս առկա է նշյալ մարմինների կողմից մեկը մյուսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչները ևս ներկայացրեցին Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, այդ թվում կոալիցիայի հետևողականությունն ու ջանքերը Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով։

Նմանատիպ նյութեր