2115 դիտում
10:59 18-06-2019
«Սառնարանի» սառույցը սկսել է հալվել. իրավիճակը գլորվում է դեպի նոր պատերազմ. Գրիգորի Տրոֆիմչուկ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդհանրապես Արցախի հարցի շուրջ գնալով սրվում է։ Ըստ էության, այսօր տեղի է ունենում այն, ինչ վաղուց կանխատեսվում էր։
Հրադադարի ռեժիմի խախտումները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ինտենսիվացել էին դեռևս մայիսի սկզբներից։ Սրա հիմնական պատճառներից մեկը, վերլուծաբանների կարծիքով, մայիսյան տոների հետ կապված միջոցառումների անցկացումն էր ՀՀ-ում և Արցախում։ Ադրբեջանական զինուժն այս ժամանակաշրջանում ավանդաբար ռազմական սադրանքների է դիմում՝ մեր «տոնը փչացնելու» հույսով։ Հետո մայիսի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այնուհետև մեկնելով Ստեփանակերտ և Բաքու։ Մայիսի 30-ին, երբ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփում էին իրենց այցի արդյունքները՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանային լարվածության աճի կապակցությամբ, ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց ադրբեջանական զինուժի մայոր, գումարտակի հրամանատար Ագիլ Օմարովի զոհվելու մասին, ինչից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ արեց ադրբեջանցի դիպուկահարներին «լիկվիդացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին»։
Հունիսի 1-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի արձակած մահացու կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Հայկական զինուժը հայ զինվորի վրեժը լուծեց դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 9-ին։ Բայց մի քանի օր անց՝ հունիսի 13-ին, կրկին ցավալի լուր ստացվեց Արցախից այն մասին, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Խաչատրյանը, որն, ըստ սոցցանցերում արված որոշ գրառումների, ընդամենը մեկ ամիս անց պիտի զորացրվեր բանակից։
Թեմայի շուրջ «Ժամանակ»-ի զրուցակիցն է «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։
[b]– Պարոն Տրոֆիմչուկ, ինչո՞վ եք բացատրում լարվածության սրացումը շփման գծում:[/b]
– Նոր լարվածությունը շփման գծում սկսել է նկատվել ոչ թե ընթացիկ տարվա մայիսի վերջին, այլ 2016 թ. վերջին, որից ամիսներ առաջ՝ ապրիլին, տեղի էր ունեցել ռազմական հայտնի բռնկումը: Դրանից արդեն շատ երկար ժամանակ է անցել, բայց քանի որ նույն թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների որոշումները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով էլ իրավիճակը ավտոմատ կերպով գլորվում է դեպի լիարժեք պատերազմ: Հիշեցնեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո հաջողվել է ընդամենը հրադադար հաստատել, և այդ թվում՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի հակամարտությունը ժամանակավորապես «սառեցվեց»:
Եվ ահա, «սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել: Իսկ միջազգային դիտորդները այս իրավիճակում ոչինչ չեն կարողանում անել, անօգուտ են, քանի որ թե՛ Բաքուն և թե՛ Երևանը վերջին օրերին պարբերաբար հաղորդում են արտաքին աշխարհին այն մասին, թե ինչ հարված է իրենց ուղղությամբ հասցրել հակառակորդը, թշնամին: Ընդ որում, դիտորդները ոչ մի անգամ չփորձեցին պատասխանատվությունը դնել ո՛չ հայկական, ոչ էլ ադրբեջանական բանակի վրա, որևէ հետաքննություն չանցկացրեցին պատճառների ու հետևանքների մասին: Այդ դեպքում ո՞ւմ են պետք նման դիտորդները, եթե նրանք ի վիճակի չեն կանխել հակամարտության էսկալացիան, որն արդեն ակնհայտ է բոլորին: Հավանաբար ճիշտ է Ադրբեջանը, երբ դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ պատճառով էլ Բաքուն ու Երևանը կշարունակեն հետագայում էլ թվարկել իրենց զոհված զինվորների ազգանունները՝ որևէ հույս չունենալով հասկանալու, թե ինչ է կատարվում արդեն ոչ թե պարզապես շփման, այլ կրակի գծում: Հետևյալ պատճառները՝ ա) ժամանակավոր հրադադարի բնական ավարտը, բ) դիտորդների կողմից իրավիճակը ձևականորեն հսկելու անիմաստությունը, իրավիճակը գլորում են դեպի նոր պատերազմ: Իսկ այս անվերահսկելի վակուումի համար թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը կարող են միմյանց մեղադրել անվերջ, դա բոլորն էլ հասկանում են:
[b]– Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա. եթե հակամարտող կողմերը միմյանց պատժելու, իրենց զոհերի համար վրեժ լուծելու մոտեցմամբ են առաջնորդվում, այսինքն՝ մեկը համարժեք պատասխան է տալիս, մյուսը պատասխանում է, և այսպես շարունակ, ապա սա չի՞ բերի նրան, որ այս մանր փոխհրաձգությունները, դիպուկահարների «մենամարտերը» աստիճանաբար վերափոխվեն ավելի լայն ռազմական բախումների՝ տեղական կամ նույնիսկ լայնամասշտաբ մակարդակով, այսինքն՝ բերեն հակամարտության վերսկսման:[/b]
– Իրադարձությունների նման զարգացումը ուշ թե շուտ, բնականաբար, բերելու է զինված բախումների: 2016 թ. գագաթաժողովների չիրագործված համաձայնություններից զատ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ Բաքվում խիստ բացասաբար են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան բանակցությունների մասին՝ սկսած այն պահից, երբ նա ասաց, որ «մենք չենք պատրաստվում քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»: Ադրբեջանական կողմը կարծում է, որ իրեն խաբել են, և բանակցությունների այս եռամյա ցիկլը (սկսած 2016 թ. ապրիլից) անիմաստ է անցել, այդ իսկ պատճառով դժվար թե ադրբեջանական բանակն իրեն զսպի, քանի որ կարծում է, որ արդարությունն իր կողմն է, իրենք չափից ավելի երկար են սպասել:
Բայց տակտիկական բախտն առայժմ Հայաստանի կողմից է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, միջազգային դիտորդներն իրենց այնպես են պահում, կարծես թե ոչինչ չեն նկատում: Բայց հարկավոր է հասկանալ, թե ինչ է կատարվում, հասկանալ բոլոր այս սպառնալիքները քաղաքական և ռազմական հոգեբանության տեսանկյունից: Երբ չափից ավելի շատ բանավոր սպառնալիքներ են հնչեցվում, դրանք շատ հազվադեպ են վերափոխվում իրական գործերի և հարվածների: Ուժգնությամբ իսկական հարվածը հասցվում է լիակատար լռության պայմաններում՝ խաղաղասիրական հայտարարությունների քողի տակ: Ցանկացած կողմ, որն անընդհատ սպառնում է իր թշնամուն, ոչ թե իր ուժն է ցույց տալիս, այլ թուլությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5329 դիտում
10:26 29-11-2018
Ընտրությունները փակուղի են մտցնում․ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա․ Տրոֆիմչուկ․ «168 ժամ»
3974 դիտում
23:17 04-10-2014
Անօդաչու սարքը տեսանկարել է Բարդարբունգա հրաբխի ժայքումը, այնուհետ հալվել տաքությունից. տեսանյութ
3430 դիտում
11:14 07-08-2019
Գրենլանդիայում մեկ օրում 12.5 միլիարդ տոննա սառույց է հալվել ու լցվել օվկիանոսը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը