211652_close_icon
views-count904 դիտում article-date 10:35 15-06-2019

Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Նկատե՞լ եք, որ արտաքին քաղաքականության որևէ իրադարձության Հայաստանում տրամագծորեն տարբեր կերպ են արձագանքում իշխանությունն ու ընդդիմությունը՝ հասարակությանը գցելով մոլորության մեջ ու թույլ չտալով, որ վերջինս կարողանա օբյեկտիվ կարծիք ձևավորել որևէ իրադարձության վերաբերյալ։ Բերենք ամենաթարմ օրինակը։ Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում՝ ասված է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ: Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Իշխանությունները, բնականաբար, շեշտադրումը կատարում են այն փաստի վրա, որ ԵՄ-ն ավելացրել է Հայաստանի հատկացումները՝ դա պայմանավորելով հեղափոխության գործոնով։ Ընդդիմությունը չարախնդում է, որ Փաշինյանն այդքան մուննաթ եկավ ԵՄ-ի վրա, որ համարժեք չեն արձագանքում Հայաստանում կատարված հեղափոխությանը, սակայն Բրյուսելն ընդամենը 25 միլիոնով ավելացրեց Հայաստանի հատկացումները։ Չգիտեմ՝ 25 միլիոն եվրոն նշանակալի՞ց գումար է, թե՞ ոչ, սակայն չեմ կարծում՝ հատկացման ավելացումն ուղղակի կապ ունի տեղի ունեցած հեղափոխության հետ, որովհետև նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն անցած մեկ տարվա ընթացքում որակապես չեն փոխվել։ Ճշմարտությունը սա է, մյուս կողմից՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իզուր են չարախնդում, որովհետև նույն աննշան առաջընթացը լինելու էր, եթե իշխանության ղեկին լինեին իրենք։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու այդ կարգավիճակում չի կարող որակապես այլ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի իշխանություն է երկրում։ Կամ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԵՄ-ն ողջունել է Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Միանգամայն ճիշտ է, սակայն ճշմարտությունը ներկայացվում է կիսատ ու ընտրողաբար, որովհետև Բրյուսելը շարունակ պնդում է, որ դատական ռեֆորմը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը, այլ խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի իմպուլսիվ իշխանություններին հասկացնում է, որ դատարանների դռներ փակելու պրակտիկային պետք է վերջ տրվի։ Նույնը վերաբերում է վեթինգի, այսպես ասած, հայկական ձևով իրականացմանը, որովհետև իրար հետևից հրաժարական են տալիս ԲԴԽ անդամները, դատական համակարգը կանգնում է ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, սակայն մենք առայժմ ականատեսն ենք ոչ թե վեթինգի ինստիտուցիոնալ հիմքերի մշակմանը, այլ դատական իշխանության նկատմամբ նոր իշխանության ջանքերի բազմապատկմանը։ Այսքանով հանդերձ՝ օբյեկտիվ չեն նաև նախկինները, որովհետև, եթե միջազգային կառույցներն անընդհատ խոսում են դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, առնվազն տողատակում ակնարկում են, որ անցյալից խիստ անմխիթար ժառանգություն ենք ստացել։ Իհարկե, բնական է, որ իրադարձությունների վերաբերյալ տարբերվող մոտեցումներ պետք է ունենան իշխանություններն ու ընդդիմությունը, սակայն այդ տարբերությունը պետք է ձևավորվի ոչ թե մանիպուլյացիաների, այլ կոնկրետ փաստերի հենքով։ Այլապես տպավորություն է, որ երկուստեք փորձ է արվում մանիպուլացնել հասարակությանը։ Իսկ առհասարակ՝ իդեալական կլինի, եթե արտաքին քաղաքական հարցերում Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուս, առնվազն՝ դրանք չդառնան ներքաղաքական շահարկումների թեմա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր