211652_close_icon
views-count3210 դիտում article-date 23:48 13-06-2019

Հունիսի 14-ին կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները

Հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Նախորդ փուլերը հաղթահարած 4 մասնակիցները՝ Ճան Ճենյան (Չինաստան), Օքսանա Շևչենկո (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյան (Հայաստան), Միսո Գաո (Չինաստան), ելույթ են ունենում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստնի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Չինաստանը ներկայացնող Ճան Ճենյանը հունիսի 12-ին՝ եզրափակիչ փուլի իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը, ըստ նրա, իրեն շատ հոգեհարազատ է։ Այսօր երեկոյան նա կնվագի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կատարելու է առաջին անգամ։ Ի դեպ, եզրափակիչ փուլ անցած բոլոր դաշնակահարները պետք է ներկայացնեն Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Ճան Ճենյանը եզրափակչում իր առաջին օրվա ելույթից այնքան էլ գոհ չէր, ինչպես ինքն է նշում, փոքր-ինչ նյարդայնացած էր, սակայն նկատում է, որ ամեն ինչ անելու է՝ հունիսի 13-ին Խաչատրյանի կոնցերտը լավագույնս ներկայացնելու համար։ Երիտասարդ դաշնակահարը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը շատ հայտնի է, նա նաև ընդգծում է, որ խաչատրյանական մեղեդիները շատ ազգային են։ Ճան Ճենյանը խոստովանում է, որ հաղթելու հույս ունի և շատ ուրախ կլինի, եթե արժանանա մրցույթի առաջին մրցանակին։ Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ, պրոֆեսոր Վեյ Ճանը բարձր է գնահատում ինչպես Խաչատրյանի մրցույթի կազմակերպական աշխատանքները, այնպես էլ մասնակիցների մասնագիտական մակարդակը։ Նշենք, որ հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): [b] «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր