211652_close_icon
views-count2896 դիտում article-date 09:25 22-05-2019

Անցումային արդարադատություն. Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին: «Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները և բարեփոխել պետական համակարգը»: Սակայն, ուշ չէ՞ արդյոք Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց խոսել «անցումային արդարադատության» մասին: Մասնագետների կարծիքով, ոչ միայն ուշ չէ, այլև՝ ճիշտ ժամանակն է: «Անցումային արդարադատությունը» երկարատև գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում, նշում է Ռոքաթելլոն: Խոսքը գնում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխման, այլև ամբողջ երկրի հեռանկարի փոփոխման մասին, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են: «Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք»: «Անցումային արդարադատության» իրականացումն իր մեջ նաև մեկ կարևոր խնդիր է պարունակում, այն որ նախկին իշխանությունները կփորձեն արդարադատության հաստատումն ամեն կերպ ներկայացնել որպես հաշվեհարդար իրենց նկատմամբ: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը, հիշեցնում է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ: «Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների և քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ և տեղի է ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք»: Խնդիրներից խուսափելու համար լավագույն ելքը խնդրի համակարգված լուծումն է, որը կիրառելի է բոլորի, այլ ոչ միայն թիրախավորված անձանց համար: Լավագույն լուծումը կլինի խորհրդարանի կողմից «անցումային արդարադատության» իրականացման ծրագրի մշակումն ու ընդունումը, քանի որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է հասարակության առավել լայն շերտը, համոզված է Աննա Միրիամ Ռոքաթելլոն: «Անշուշտ, վարչապետն իր վրա է ընդունում այս նախագիծն առաջ տանելու քաղաքական պատասխանատվությունը, սակայն, արդյունավետ լինելու համար այն պետք է աջակցություն ստանա հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է»: Սակայն, ինչպես իրականացնել «անցումային արդարադատություն», երբ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանները, իրենք են կասկածվում անարդար լինելու մեջ: Պատասխանը մեկն է՝ վեթթինգը: Ռուբեն Կառռանզայի խոսքով, կան վեթթինգի, կամ ստուգման տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս պարզել պաշտոնյայի եկամուտները, կապերը, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը: «Առաջին ճանապարհը՝ այն դատավորներին ու դատախազներին պաշտոններից ազատելն է, ովքեր կոռուպցիայի մեջ են ներքաշվել: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել մի գործընթաց, որի արդարությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում: Կա մեկ այլ եղանակ՝ դրա փոխարեն ստեղծել հատուկ մարմին, որն աշխատանքները կկենտրոնացնի կոռուպցիայի և մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վրա»: Հայաստանում Կառռանզան նախատեսում է հանդիպել ոչ միայն խորհրդարանականների, ում փորձելու է օգնել մշակել հենց Հայաստանի իրավիճակին և կարիքներին համապատասխանող «անցումային արդարադատության» ծրագիր, այլև՝ երիտասարդների հետ: «Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ անցումային արդարադատության գործընթացում մասնակցեն երիտասարդները: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել անցումային արդարադատության շրջանակներում Մարտի 1 սպանությունների գործերին, խաղաղ պայմաններում անցած տարիներին հայկական բանակում սպանված զինվորների և մարդու իրավունքների մյուս խախտումներին»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4926985.html#player-start-time=19.199147]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր