211652_close_icon

Պետության պատմության մեջ «սպիտակ բծեր» չեն կարող լինել․ «Առավոտ»

views-count2089 դիտում article-date 10:40 10-05-2019
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետև նրանք երբևէ չեն ընտրվել որպես նախագահ»,- երեկ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Երկրորդ նախագահի «ընդդիմադիր» հավակնությունների մասին լրագրողի հարցին: Առաջին դիտարկումն ինձ ճիշտ է թվում, բայց դրա մասին՝ վաղը: Իսկ անվանե՞լ, թե՞ չանվանել նախագահ Երկրորդ և Երրորդ նախագահներին՝ հիմք ընդունելով, որ նրանք չէին ընտրվել, այս հարցին կփորձեմ նայել, այսպես ասած, պատմական հայացքով: Կար մի կարկառուն բոլշևիկյան գործիչ՝ Լև Տրոցկի, որն իրենց հեղափոխության գլխավոր «շարժիչներից» մեկն էր և Կարմիր բանակի ճարտարապետը: Լուսանկարներում նա պատկերվում էր այլ բոլշևիկների կողքին: Բայց երբ նրա և Ստալինի միջև հակասություններ առաջացան, լուսանկարներում նրա գլխի փոխարեն սպիտակ բիծ հայտնվեց: Այնուհետև այդ սպիտակ բծերը շատացան. «բացակայեցին» Զինովևը, Կամենևը, Բուխարինը և այլք: Հարյուրավոր այլ լուսանկարների վրա նույնպես հայտնվեցին բազմաթիվ սպիտակ բծեր՝ գուցե ոչ այնքան հայտնի և բարձրաստիճան բոլշևիկների «բացակայող» դեմքերի փոխարեն: Սպիտակ բծերի միջոցով հակառակորդներին կամ անհաճո մարդկանց «մոռացնել տալը» հնուց եկող ավանդույթ է, և դա կապ չունի այն հանգամանքի հետ, թե որքանով էին այդ բացակայողները ճիշտ կամ սխալ: Մինչև 1998 թվականը Արցախյան ճակատում մեր հաջողությունները պայմանավորվում էին, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումով, քանի որ նա Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարն էր, և դա այսօր էլ է ինձ անառարկելի պատմական ճշմարտություն է թվում: 98-ից հետո Քոչարյանը և նրա կողմնակիցները (մասնավորապես՝ Դաշնակցությունը) փորձում էին ապացուցել, որ բոլոր հաջողությունները ձեռք են բերվել ի հեճուկս Տեր-Պետրոսյանի, որ Առաջին նախագահն ամեն ինչ հանձնում էր, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչ ազատագրում, ինչը, կարծում եմ, հակասում է պատմական իրողություններին: Հիմա, պատմական անիվի հերթական շրջապտույտից հետո, պաշտոնական տեսակետը դարձյալ փոխվում է 180 աստիճանով՝ Առաջին նախագահն ազատագրում էր, Երկրորդն ու Երրորդը՝ «ծախում», և դա, իմ համոզմամբ, դարձյալ պատմականորեն սխալ գնահատական է: Հիմա ստացվում է, որ 20 տարի Հայաստանը նախագահ չի ունեցել, և այն մարդիկ, որոնք միջազգային պայմանագրեր են ստորագրել, օրենքներ են վավերացրել, հրամանագրեր են ստորագրել, իրականում «դե ֆակտո» նախագահ չէին: Բայց պետության պատմությունը շարունակական գործընթաց է, այստեղ «սպիտակ բծեր» չեն կարող լինել: Ի դեպ, ինչպե՞ս վարվել Տեր-Պետրոսյանի դեպքում, որը 1991-ին ընտրվել էր, իսկ 1996-ին, շատերի կարծիքով, չէր ընտրվել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր