211652_close_icon
views-count1633 դիտում article-date 23:10 03-05-2019

Արցախի խորհրդարանը հավանություն է տվել պետական բյուջեում առաջարկվող փոփոխություններին

Մայիսի 3-ին գումարված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումը, համաձայն հատուկ ընթացակարգի, շարունակվել է ժամը 17:30-ից: Առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրինագծի շուրջ պատգամավորներ Արմեն Օհանյանը և Լյուդմիլա Բարսեղյանը ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերվում էին Հադրութի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում ճանապարհաշինության ծրագրերին: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կառավարության կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերում: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել Է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը 26 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:

Նմանատիպ նյութեր