893 դիտում
12:51 29-04-2019
«Ժառանգությունը» անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը. հայտարարություն
«Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Այս առնչությամբ կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում:
Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարեւորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին Նոր Հայաստանի կայացման կարգախոսին հավատարիմ քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից, բայց հեղափոխական իշխող ուժի կողմից ցուցաբերված ոչ բավարար քաղաքական կամքը եւ հին Հայաստանի քաղաքական գործիքակազմն ու կարծրատիպերը հաղթեցին, ընտրական բարեփոխումների փաթեթը մերժվեց. Նոր խորհրդարանը, ինչպես նաեւ ՏԻՄ նոր մարմինները ընտրվեցին հին օրենքով:
Հատկապես ՏԻՄ ոլորտում ցայտուն դարձան հին համակարգի վերարտադրության եւ հարձակողական դիմադրության բոլոր հնարավորությունները:
Հին եւ Նոր Հայաստանների արժեբանական բախման վտանգավոր հետեւանքներն առավել ակնհայտ են Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Ուրցաձոր, Արշալույս, Զարթոնք, Նոր Գեղի եւ շատ այլ համայնքներում համայնքապետերից հասարակության խոր դժգոհությունը հանգեցրեց կրակոցների եւ քաղաքացիական անհամերաշխության վտանգավոր միջադեպերի:
Պարզ դարձավ, որ մեր համայնքներում ՀՀ քաղաքացին բնավ պաշտպանված չէ, համայնքապետերը տասնյակ տարիներով վերարտադրում են իրենց իշխանությունը՝ վերածվելով շահագործող ավատների, որոնք համայնքերի բնակիչներին դիտարկում են որպես ճորտ, իսկ համայնքային սեփականությունը չեն տարբերում անձնական գույքից: Պատճառը մեկն է՝ ընտրական օրենքում չկա սահմանափակում, թե քանի անգամ նույն անձը կարող է համայնքապետի թեկնածու առաջադրվել:
«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժը, ինչպես նաեւ խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է նախաձեռնեն եւ ավարտին հասցնեն ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը, քանի որ ներկա փուլում հատկապես տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ:
2019 թ. ՀՀ գրեթե բոլոր մարզերում անցկացվելու են ՏԻՄ մարմինների հերթական ընտրություններ, թույլ չտա՛նք վտանգավոր նախադեպերի ձախող կրկնությունը, ժողովրդավարության առաջընթացի օրենքով ապահովումը իշխանության բոլոր մակարդակներում քաղաքացիների շահերի պաշտպանության միակ արդյունավետ ճանապարհն է:
Ընտրական օրենքը հրատապ փոփոխությունների կարիք ունի: «Ժառանգություն»-ը կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին համախմբվել այս հարցում, իսկ իշխանությունից ակնկալում է արագ քայլեր՝ ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքային խմբի կազմում, ՀՀ ԱԺ օրակարգում այդ հարցի ընդգրկում, խորհրդարանական լսումների կազմակերպում, որի արդյունքում հնարավորինս կնվազեն հնի վերատադրության իրավաքաղաքական լծակները:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
14:32 21-04-2021
Անվերապահ աջակցում եմ դատավորներ Վարդազարյանին եւ Ազարյանին. դատավոր Պետրոսյանը հայտարարություն է տարածել
1172 դիտում
10:51 05-12-2014
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Օբամայի իմիգրացիոն բարեփոխումը
Այս բաժնից
946 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան