211652_close_icon
views-count1336 դիտում article-date 19:32 23-04-2019

Պետությունը հաճախ է մերժում մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակել․ Պաշտպանի տարեկան հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ: Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝ 1. մերժվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների համապատասխան իրավական ակտում նրանց մասնագիտությունները տառացիորեն ներառված չեն: Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով մարդն աշխատել է մետաղյա իրերի գործարանում որպես չոր եղանակով հղկող: Ավելի քան 24 տարի կատարել է նույն աշխատանքը, աշխատանքային գրքույկում նշվել է, որ նա աշխատել է որպես հղկող՝ առանց աշխատանքի չոր լինելու վերաբերյալ որևէ նշումի։ Արդյունքում վերջինս զրկվել է համապատասխան կենսաթոշակից: 2. մերժվում են մասնակի կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ իրենց զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն համապատասխան իրավական ակտում: Ամբողջական չեն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում թվարկված կազմակերպությունները, մասնագիտությունները և պաշտոնները: Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով քաղաքացուն մասնակի կենսաթոշակ չի նշանակվել՝ պատճառաբանությամբ, որ սահմանված պաշտոնների ցանկում «ավագ խմբագիր» պաշտոնը նախատեսված չէ: Փոխարենը ցանկում ընդգրկված են որպես խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ կատարած աշխատանքները։ 3. մերժվում են երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն սահմանված ցանկում: Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքի համաձայն՝ աշխատանքային ստաժում չի հաշվառվել ավիատեխնիկական բազայի տեխնիկական վերահսկողության բաժնում որպես ինժեներ աշխատած ժամանակահատվածը՝ պատճառաբանությամբ, որ «ավիացիոն» բառը բացակայում է, գրքույկում ուղղակի նշված է ինժեներ: Ուշագրավ է, որ լիազոր մարմնի դիրքորոշման համաձայն՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները համարվում են ինժեներա-տեխնիկական անձնակազմ, ուստի այդ աշխատանքներում ներգրավված մասնագետները կամ ավիացիոն ինժեներներ են կամ ավիացիոն տեխնիկներ: Այսինքն` ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները, անկախ աշխատանքային գրքույկում կատարված գրառումներից՝ համարվում են ավիացիոն ինժեներներ: Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։ Մասնավորապես, 1. անհրաժեշտ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում ուղղորդվել ոչ միայն սահմանված ցանկերում նշված մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը և յուրաքանչյուր դեպքի հիման վրա շարունակաբար կատարելագործել սահմանված ցանկը, 2. անհրաժեշտ է մասնակի կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել ոչ միայն սահմանված ցանկում նշված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը, ինչպես նաև մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը: 3. անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ աշխատանքն իր էությամբ համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին: Թեմային առնչվող մանրամասները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Նմանատիպ նյութեր