211652_close_icon
views-count13467 դիտում article-date 12:10 01-10-2018

Երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր կստանան. վարչապետը ներկայացրեց նոր ծրագրի առանձնահատկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մատչելի բնակարան երիտասարդ» ընտանիքներին ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ կառավարության որոշման մանրամասներն ու կարևոր առանձնահատկությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/279372676014823/]«Ֆեյսբուք»-ի ուղիղ[/url] եթերի միջոցով վարչապետը հայտնեց, որ որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու պայմաններն ընդլայնվել են: «Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն ավելացվել է և դարձել է 70: Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով:՝ հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երևանում կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում կլինի 5.5 տոկոս: Ըստ էության, մենք այստեղ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետև որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել: Քիչ առաջ այս թեմայով զրուցել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, ով ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը: Ներկայացնելով հաջորդ կարևոր փոփոխությունը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30 տոկոս էր, հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10 տոկոս, եթե կա երկրորդ գույքի գրավ: «Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում և ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու: 10 տոկոս կանխավճարը հնարավոր է նաև այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն: Այսինքն, նաև ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով կարելի է ունենալ 10 տոկոս կանխավճարի հնարավորություն»,- ասաց ՀՀ վարչապետը: Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է: Վարչապետի խոսքով՝ սա աննախադեպ ժամկետ է Հայաստանի համար, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետ: Մեր օրենսդրության և նոր որոշման մեջ կա հետևյալ դրույթը, որ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով և ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել, և, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր: Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, և հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ շատ լավ հասկանում է, որ կան մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, ինչպես նաև մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, բայց ցածր են վարձատրվում և չեն կարող օգտվել վերը նշված հնարավորություններից, սակայն հավելեց, որ կառավարության քաղաքականության հիմքում լինելու է աշխատանքը խրախուսելը: «Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ բազմաթիվ բնակարանային խնդիրներ ունեն ու ինչպես ենք մենք պատրաստվում այդ խնդիրները լուծել: Մենք անելու ենք այնպես, որպեսզի լինեն հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, խրախուսելու ենք, որպեսզի մարդիկ աշխատեն, նրանց աշխատավարձը բարձրանամ, և այդ ճանապարհով լուծվեն այս խնդիրները: Իհարկե, սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն: Խոսքը, մասնավորապես, այն զինվորականների մասին է, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր