211652_close_icon
views-count21476 դիտում article-date 12:13 20-04-2019

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում. tert.am

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն: «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում նման կարծիք է հայտնել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մինասյանը: [url=https://www.tert.am/am/news/2019/04/20/miqayel-minasyan/2978703?fbclid=IwAR12kF77JFhVwss-fYOFDaSD3QfanKBvWnBur6MR5i9OmeyEOE18UxQS6_I]Тert.am[/url]-ը hոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։ Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։ Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։ ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/20/miqayel-minasyan/2978703?fbclid=IwAR12kF77JFhVwss-fYOFDaSD3QfanKBvWnBur6MR5i9OmeyEOE18UxQS6_I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր