10388 դիտում
13:18 04-06-2019
Հայաստան. ավելի հասանելի Եվրոպայի պահանջը. Միքայել Մինասյանի հոդվածը՝ The Huffington Post–ում. Tert.am
Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել Huffington Post պարբերականում, որը [url=https://www.tert.am/am/news/2019/06/04/minasyan-article/3016160]Tert.am[/url]-ը թարգմանաբար ներկայացնում է ստորև։
Ամերիկյան ինքնության և ինքնաճանաչման «Քաղաքացի Քեյնը» լեգենդար ֆիլմից 28 տարի անց Խորհրդային Հայաստանի էկրաններ բարձրացավ ֆիլմ, որը երիտասարդ գրող Հրանտ Մաթևոսյանի` հրաշքով չարգելված վեպի, հրաշքով չարգելված էկրանավորումն էր, որն այժմ դարձել է դասական ցանկացած մեկի համար, ով խոսում է հայերեն։ Ֆիլմը պատմում է խորհրդային Հայաստանի կյանքի մասին և այն պարփակված աշխարհի, որն ունի իր չգրված կանոնները։ Այն այդպես էլ կոչվում է. «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.)։ Ու հենց նույն շրջանում, իսկ դա 1960-ականներն էին, երբ աշխարհը գտնվում էր տեխնոլոգիական, քաղաքակրթական և քաղաքական հեղափոխությունների ալեկոծությունների տակ, երկու հովիվները հայկական լեռներում զրուցում են, թե քանի կարևոր երկիր կա աշխարհում։ Ու հանգում են եզրակացության. «Մենք, Ամերիկան ու դե, երևի, Ավստրիան»։
«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը. չամփոփվել մեր լեռներում, չսահմանափակվել մեր գիտելիքներում և մեր պապերի պես մոտավոր գաղափար չունենալ աշխարհի մասին։ Հայերի նոր սերունդը ուզում է քայլել ժամանակի հետ ու լինել ժամանակակից աշխարհի մասը։ Իսկ նոր ժամանակը, սկսած Գրինվիչից, ծնվում է Եվրոպայում։ Այդ պատճառով է Հայաստանի ու հայերի բնական ձգտումը դեպի Եվրոպա։ Դա բնական, տրամաբանական, առողջ ու ռացիոնալ ընտրություն է։
Մեզ համար Եվրոպան մեր հավակնությունների խորհրդանիշ է և մեր հնարավորությունների պատուհանը։ Այդ պատուհանը բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և այս ընթացքում հասել է վավերացման փուլում գտնվող CEPA-ի համաձայնագրի, որն արտացոլում է այդ ընդհանուր ցանկություններն ու ամբիցիաները, որ ծրագրերի տեսքով ամփոփված են փաստաթղթում։
Հայաստանն ունի առաջնային 3 խնդիր՝ անվտանգություն, բարեկեցություն և ժողովրդագրություն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է մեր առաջնահերթությունների հետ: Ներքին կյանքի շարունակական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը նախապայման են մեր ներքին անվտանգության առավել գործուն երաշխիքների ստեղծման ու դրանց ամրապնդման համար։
Մրցակցային տնտեսական միջավայրի ապահովումը Հայաստանում, ԵՄ-ի գնողունակ շուկայի առավել մատչելիությունը տեղական արտադրողների համար զարգացման պատուհան է, իսկ առևտրի խթանումը՝ բարեկեցության աղբյուր մեր քաղաքացիների համար։
Ու չնայած Եվրամիության հետ քաղաքական հարաբերությունների սառեցման ու ջերմացման զիգզագին, Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները շատ ավելի կայուն են, որ կարճ կարելի է կոչել «առավել հասանելիություն»: Առավել հասանելիությունն այն է, երբ մեր երկրի ուսանողների համար եվրոպական կրթական փոխանակման ծրագրերին մասնակցելն էապես ավելի դյուրին է դառնում, երբ մեր երկրի քաղաքացիներն առավելագույն պարզեցված կարգով են ստանում ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագիր` վիզա կամ դրա կարիքն ընդհանրապես չի լինում։
Առավել մեծ հասանելիությունն այն է, երբ մեր երկրի երկու քաղաքներից ցերեկային ժամերին low-cost ավիաընկերությունների մատչելի չվերթեր լինեն դեպի Եվրոպա։ Այն է, երբ շատ ավելի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կարողանան այցելել, ճանաչել, ծանոթանալ ու բացահայտել Եվրոպան, սեփական աչքերով տեսնել ու սեփական ձեռքերով շոշափել այն ու այսպես շարունակ։ Իր արտադրած ապրանքը եվրոպական գնողունակ շուկայում վաճառել ցանկացող ձեռներեցից մինչև գիտնական, ով ցանկություն ունի, օրինակ, կենսաբանական քիմիայի ոլորտում համատեղ հետազոտություն կատարել իր եվրոպացի գործընկերների հետ։ Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:
Իր քաղաքացիների պահանջարկին համահունչ, Հայաստանի հավաքական ակնկալիքներն էլ խիստ որոշակի են: Մենք, իհարկե, զարգացնում ենք ԵՄ-ի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, օգտվում ենք GSP+ առևտրային համակարգից: Սակայն «ավելի մոտ Եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել ԵԱՏՄ շուկայով անխուսափելիորեն հետաքրքրված Եվրոպական հսկա կորպորացիաների արտադրական ցիկլերի հիմնում հենց Հայաստանում` սկսած, ասենք, իտալական «Ֆիատից», գերմանական «Սիմենսից» մինչև Ֆրանսիական արդյունաբերական հսկաներ և այսպես շարունակ: «Ավելի մոտ Եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել նաև օրինակ՝ ԵՄ ուղղակի և վճռորոշ դերակատարությունը Երևան-Թբիլիսի գերժամանակակից ճեպընթաց կառուցելու հարցում, որը Հայաստանն ու Վրաստանը կդարձնի մեկ միասնական զբոսաշրջային տարածք Եվրոպայի համար` կտրուկ մեծացնելով այցելուների թիվը: Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:
Մինչդեռ, ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստան-ԵՄ հարաբերությունները մոլորվել են պաշտոնական ինչ-ինչ հաստատությունների միջանցքներում։ Ավելին, երբեմն այդ հարաբերությունները բերում հանգեցնում են այնպիսի նեղ, ծայրահեղական մեկնաբանության ու բովանդակության, որ արդյունքում, հայաստանյան հանրային ընկալումը ձևախեղում է եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեքների ողջ կոնցեպտը` տարակուսանք առաջացնելով հասարակության լայն շերտերի մոտ։
Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ անդամ երկրների հանրությունների քաղաքական նախասիրություններն էականորեն տարբերվում են, ուստի քաղաքական բոլոր միավորների հետ ամենօրյա աշխատանքը դառնում է էլ ավելի պահանջված: ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար ընդգծված հրամայական է դառնում նաև հետևողական և թիրախավորված աշխատանքը և՛ կառույցի բոլոր մարմինների մակարդակով, և՛ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ ձևաչափով:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/04/minasyan-article/3016160]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2453 դիտում
15:06 30-08-2016
Huffington Post-ը հեռացրել է Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին լրագրողի հոդվածները
17145 դիտում
10:16 16-10-2019
Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը՝ «Հրապարակ»-ում
Այս բաժնից
730 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
955 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
730 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու