Ծանրամարտի ԵԱ. Լիաննա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը:
Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցեց 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ:
Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը (87 կգ):
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին: