ԱԻ նախարարությունն ու ՀԲ-ի աշխատանքային խումբը քննարկել են համագործակցության հեռանկարները
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի 1-ին ընդունել է «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորած աշխատանքային խմբին: «
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առաքելությունը ժամանել է ներկայացնելու և քննարկելու ծրագրի նպատակները և դրանց բաղադրիչները, գնահատելու ընթացիկ գործունեության ընդհանուր առաջընթացը և համաձայնեցնելու հաջորդ քայլերը:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձր է գնահատել ՀԲ կողմից Հայաստանում կատարած աշխատանքը, կարևորել է միջազգային ուսանելի փորձի ներդրումը և պատրաստակամություն հայտնել ընդունել բոլոր առաջարկները, որոնք կհեշտացնեն աղետների ռիսկերի կառավարումն ու ավելի իրազեկ կդարձնեն քաղաքացիներին:
Տաֆաձվա Դուբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ԱԻ նախարարության հետ ծրագրային աշխատանքը և ծրագրերի շարունակականության կարևորությունը:
Նա խնդրել է թիրախավորել այն կետերը, որտեղ ՀԲ-ն կարող է իրականացնել ներդրումներ: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի ղեկավարն օժանդակություն է առաջարկել շենք-շինությունների կառուցման, հատուկ տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, բնակչության իրազեկման հարցերում:
Ի պատասխան, նախարարը նշել է ԱԻՆ համակարգում առկա ենթակառուցվածքներին վերաբերող խնդիրները, տեխնիկայի և սարքավորումների պակասը, իրազեկման հարցում միջազգային հաջողված փորձի փոխանակումը:
Ֆելիքս Ցոլակյանը ՀԲ ներկայացուցիչներին առաջարկել է ուսուցում կազմակերպել աղետի դեպքում մարդաշատ վայրերից մարդկանց տարհանում իրականացնելու թեմայով:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակված մտքերը վերածել աշխատանքային ծրագրի՝ մատնանշելով ՀԲ կողմից հասցեական օժանդակության ոլորտները: