Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը Փաշինյան –Ալիև հանդիպման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը Փաշինյան –Ալիև հանդիպման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
««Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը:
Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
Այս առումով մենք բարձր ենք գնահատում ...հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ:
Կարծում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար ևս մեկ քայլ պետք է դառնա բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»: