Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպել է համաժողով` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի դերին
Մարտի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Ալյանս Ֆրանսեզը Ստրասբուրգի մերձակա Վասելոն քաղաքի դղյակում Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպեցին համաժողով` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի դերին:
Ներկա էին ակադեմիական շրջանակների, քաղաքային իշխանությունների և Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության գործընթացը, ՖՄԿ շրջանակներում Հայաստանի նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված ՖՄԿ-ԵԽ փոխգործակցության զարգացմանը, և մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու նպատակով իրականացվող հաստատուն քայլերը: Դեսպան Հովհաննիսյանը շեշտեց. «Ամենևին պատահական չէ ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի միանալը, քանի որ մեզ միավորում են ձգտումը խաղաղությանը, ժողովրդավարությանը, հարգանքը մարդու իրավունքների, մշակութային և լեզվական բազմազանության հանդեպ»:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող տեսանյութ և ֆոտոշարք, որին հետևեց հարց ու պատասխան: Միջոցառման ավարտին մատուցվեց պաշտոնական ընդունելություն: