211652_close_icon
views-count1653 դիտում article-date 19:28 11-12-2018

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպվեց մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ․ ձեռքբերումներ, մարտահրավերներ» խորագրով միջոցառում: Քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Բելինդա Քուպերը, նույն համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկյան երկրների ուսումնասիրությունների բաժանմունքի դասախոս Խաչիկ Մուրադյանը և «Universal Rights Group» կազմակերպության Նյու Յորքյան գրասենյակի ղեկավար Դանիկա Դամպլոն (Danica Damplo)։ Քննարկման մասնակիցներն անդրադարձ կատարեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համապատասխան կառույցների և ընթացակարգերի դերակատարմանը, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման օրակարգին։ Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին՝ կարևորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հետ կապը։ Հիշատակվեցին Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման և դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևերը։ Նշվեց, որ դեկտեմբերի 9-11-ը Երևանում անց է կացվում Ցեղասպանությունների կանխարգելման երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված կրթության և մամուլի դերին կանխարգելման գործում։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Հայաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու հանձնառությունը։ Նշելով, որ իրական ազատ և արդար ընտրությունների անցկացումը եղել է կառավարության գերակա առաջնահերթությունը՝ հիշատակվեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների ու մամուլի բարձր գնահատականը։ Շեշտելով, որ Հայաստանը ձգտում է մարդու իրավունքների ոլորտում առաջնայնությունները վերածել հստակ գործողությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն արձանագրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ․ ժամանակահատվածի համար Հայաստանի թեկնածության արշավի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների և հասարակական կազմակերպությունների ավելի քան յոթ տասնյակ ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր