211652_close_icon
views-count1493 դիտում article-date 14:42 13-03-2019

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում

Մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ժողովրդավարության դրսեւորման լավագույն օրինակն էին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նոր ձեւավորված խորհրդարանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ եւ փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Բանախոսը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումները կլինեն հիմնարար եւ արդյունավետորեն կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու բազմակողմ զարգացմանը: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է այս միջոցառմանը քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը, քանի որ խորհրդարանական վերահսկողության եւ միջազգային համագործակցության ենթատեքստում վերջիններս պետք է ունենան առանձնակի ընդգծված դերակատարություն: Հանձնաժողովի նախագահը միջոցառման մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական շրջադարձային փոփոխություններին, որին նրա խոսքով՝ գլխավորապես օժանդակեց հայ ժողովուրդը, հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը: «Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ունեցել է գործընկերային ընդգծված փոխհարաբերություններ: Նախորդած տարիներին արդեն իսկ հաստատվել է ամուր եւ բարիդրացիական փոխհարաբերություն, նոր Հայաստանում մենք նախորդի կրողն ու նոր, առավել լայն ու ընդգրկուն ձեւաչափով համագործակցության շարունակության երաշխավորն ենք: Նոր ձեւավորված խորհրդարանը մեծապես բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների հետ փոխշահավետ եւ փոխլրացված քաղաքականությունը, միջխորհրդարանական ընդգրկուն եւ բազմապրոֆիլ հարաբերությունները, երկուստեք ծրագրերի իրականացումը»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների շրջանակում Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ապահովում նաեւ բազմաթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում: Օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալն անդրադարձել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներին եւ հիմնախնդիրներին: Նշելով, որ ոլորտը մշտապես ունի փոփոխությունների եւ բարեփոխումների անհրաժեշտություն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որՀայաստանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերություններն առավել կատարելագործելունպատակ ունի: «Այս պարագայում ցանկանում եմ հատուկ անդրադառնալ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2017-2019 թթ. ծրագրի իրականացմանը: Ծրագրում ներառված են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք կետեր, որոնց իրականացման պատասխանատուն ՀՀ Ազգային ժողովն է: Մասնավորապես կցանկանայի մատնանշել խորհրդարանական եւ հանրային վերահսկողության մեխանիզմների եւ ուղիների ընդլայնումը, թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, օրենսդրական դաշտի կատարելագործումը, իրավական նոր մեխանիզմների մշակումը, քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությունը, գործադիր իշխանության հետ կատարողական հիմնական ցուցանիշների մշակումը եւ այլն»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ խորհրդարանը լիարժեք կրում է իրեն վերապահված պարտավորությունների իրականացման պատասխանատվությունն ու պատրաստակամ է լինել առավել կառուցողական հաջորդող տարիների համար նախատեսվելիք գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում: «Մենք ունենք մեր ընդգծված տեսլականն անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության իրականացման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բարելավման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,-իր խոսքում փաստել է ԱԺ փոխնախագահը: Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջույնի խոսքում կարեւորել է թեմայի քննարկումը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո մեծացել է քաղհասարակության դերն ու հնարավորությունը, որ վերջինիս ձայնը ոչ միայն լսելի կլինի, այլեւ այն ակտիվ դերակատարություն կունենա զինված ուժերի նկատմամբ վերահսկողության ոլորտում: Դեսպանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ճիշտ քայլ էր խորհրդարանի ուժեղացման տեսանկյունից: Նշելով, որ իր երկիրը խորհրդարանական կառավարման լավ փորձ ունի՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ Գերմանիայի Բունդեսթագը կարեւոր դերակատարում ունի զինված ուժերի հանդեպ վերահսկողության հարցում: Նա վերահսկողության ոլորտում կարեւորել է կառավարության, խորհրդարանի, քաղհասարակության եւ ՄԻՊ-ի միասնական աշխատանքը: Քննարկման ընթացքում մասնակիցները կանդրադառնան ՀՀ զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցերին, ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորություններին, կայացած ժողովրդավարական երկրներում քաղաքացիական վերահսկողությանը, անվտանգության ոլորտի, մասնավորապես բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին, անվտանգության եւ պաշտպանական ոլորտի խորհրդարանական վերահսկողությանը:

Նմանատիպ նյութեր