211652_close_icon
views-count1057 դիտում article-date 17:28 19-06-2014

Աժ-ում տեղի ունեցավ «Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար

Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար: Բացման խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորեց ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության հաշվետվողականության ու խորհրդարանական վերահսկողության դերը, ինչը ոստիկանության արդյունավետ գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու կարեւոր նախապայման է: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ոստիկանությունում վերջին տարիներին իրականացվել են շոշափելի բարեփոխումներ, որոնք շատ բանով պայմանավորված են օրենսդիր եւ գործադիր մարմինների արդյունավետ համագործակցությամբ եւ միջազգային փորձի հետեւողական կիրառմամբ: Նա տեղեկացրեց, որ միջազգային այս սեմինարին մասնակցում են օրենսդիր, գործադիր մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հրավիրված են նաեւ ոլորտի խնդիրներին քաջատեղյակ միջազգային փորձագետներ, ովքեր կներկայացնեն ոստիկանության համակարգում բարեփոխումները շարունակական դարձնելու իրենց մոտեցումներն ու տարբեր երկրների փորձը: Կորյուն Նահապետյանը սեմինարի մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել քննարկումներին: Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի «Նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլը գոհունակությամբ արձանագրեց, որ Ժնեւի կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ համագործակցության արդյունքում անվտանգության ոլորտում բարեփոխումներ են իրականացվել, ինչը ավելի է մեծացրել ոստիկանության խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը: Նա անդրադարձավ ոստիկանության խորհրդարանական վերահսկողության հիմնական հայեցակարգերին, համալիր կառուցվածքներին, կարեւորագույն մարտահրավերներին, բողոքարկման անկախ մարմիններ ստեղծելու խնդրին, վերահսկողության արդյունքների գնահատման մեխանիզմներին: Լոնդոնի մետրոպոլիտեն համալսարանի համայնքային անվտանգության եւ ոստիկանության «Ջոն Գրիվ» կենտրոնի ոստիկանության եւ կրիմինոլոգիայի ավագ դասախոս, պրոֆեսոր Թիմաթի Փարսոնսը ոստիկանության կարեւոր գործառույթը համարեց քաղաքացու ու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ուստի ընդունելի համարեց բարեփոխումների այնպիսի ուղղվածությունը, որը կհանգեցնի համայնքամետ համակարգի ձեւավորմանն ու բնակչության հետ ոստիկանության ակտիվ համագործակցությանը, այնպիսի որոշումներ կայացնելուն, որոնք պատվիրակված կլինեն քաղաքացու կողմից: Այս ամենին հասնելու համար, ըստ բանախոսի, նախ եւ առաջ ոստիկանության եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետը պետք է վերացնել եւ ապահովել աշխատանքի թափանցիկությունը, պետք է փոխել հանցավորության դեմ պայքարի առաջնահերթություններն ու միջոցները, հնարավորինս պետք է ապավինել ոչ թե ուժի գործադրմանը, այլ բանակցություններին ու առկա հակասությունները հարթելու մեխանիզմներին եւ ապահովել տվյալների հանրամատչելիությունը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանության գործունեությունն առավել արդյունավետ է, երբ օրենսդիր, գործադիր մարմինները, ոստիկանությունն ու հասարակությունը ընդհանուր հայտարարի են գալիս: Նա արդյունավետ ոստիկանական ծառայություն իրականացնելու գործում գերակա համարեց հասարակության աջակցությունն ու վստահությունը: Մեծ Բրիտանիային Նորին գերազանցության ոստիկանական տեսչության արտաքին տեղեկատվական խմբի ներկայացուցիչ Վիկ Հոգգը ներկայացրեց ոստիկանության խորհրդարանական վերահսկողության Մեծ Բրիտանիայի, իսկ Չեռնոգորիայի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության փորձագետ-խորհրդատու Սլավիս Ժեկիչը՝ Չեռնոգորիայի փորձը: Նրանք անդրադարձան իրենց խորհրդարանների օրենսդրական ու վերահսկողական գործառույթների առանձնահատկություններին եւ կարեւորեցին անկախ վերահսկողական մարմին ունենալու հանգամանքը: Սեմինարի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ խորհրդարանականների հիմնական խնդիրներին, խորհրդարանական հանձնաժողովների, ոստիկանական ծառայության ու գործադիր մարմինների դերին ու պարտականություններին, գործակալությունների միջեւ աշխատանքի բաժանման խնդիրներին, ոլորտի կառավարման ու վերահսկողության գործում քաղաքացիական հասարակության ներգրավման հարթակներին ու մշտադիտարկման գործիքներին: Բանախոսները պատասխանեցին նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինքնուրույն որոշումներ կայացնելու ոստիկանի իրավասություններին, դրանց սահմանները իրավական նորմերով կարգավորելու անհրաժեշտությանը, խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության իրականացման մեխանիզմներին եւ ոլորտի կարգավորման միջազգային փորձին:

Նմանատիպ նյութեր