ԼՀԿ պատգամավորն առաջարկում է անվճար վերականգնել զինծառայության ընթացքում առողջության վատթարացում ունեցած անձանց առողջական վիճակը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո»,-այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում, ապա շարունակել.
«Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում և պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը։
Այս նախաձեռնությամբ լուծվում են մի քանի կարևոր խնդիրներ՝
- անձի ազատում ոչ իր մեղքով, զինվորական ծառայության ընթացքում և պատճառով իր առողջության վատթարացման հետևանքների վերացմանն ուղղված ֆինանսական ծախսերից,
- զինվորական ծառայության ընթացքում և պատճառով առաջացած առողջության վատթարացման պատճառահետևանքային կապի որոշակիացում,
- զինվորական ծառայության անցնելիս պարտադիր բժշկական հետազոտության և դրա եզրակացության որակի բարձրացում,
- վեճերի լուծման վարչական և դատական ռեսուրսների խնայում,
- զինված ուժերի և պետության նկատմամբ հասարակության վստահության բարձրացում։
Ավելի մանրամասն այստեղ:
Հուսով եմ՝ քաղաքական մեծամասնությունն այս խնդրի լուծման հարցում համակարծիք կլինի մեզ հետ»,-եզրափակել է Տարոն Սիմոնյանը: