211652_close_icon
views-count1860 դիտում article-date 09:25 09-07-2022

Վերահսկողություն դրամական հոսքերի վրա, վիճակի վատթարացում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն արդեն իսկ բազմաթիվ մասնագետների և, ընդհանրապես, հանրության զգալի հատվածի առնվազն տարակուսանքի պատճառ է դարձել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ սրանով ոչ թե հեշտացվել է քաղաքացու կյանքը, այլ պետությունը փորձում է որոշակի մեխանիզմներով՝ բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա:

«Ընտրվել են այն ոլորտները, որտեղ մշտապես մեծ ծավալների գումար է շրջանառվում: Բացի դա, նմանատիպ որոշումներով փորձում են բանկերին «պահել»: Գումարը շրջանառվում է բանկով, նա կարողանում է այն պտտեցնել, կարող է նաև ինչ-որ ծառայությունների կամ վճարների անվան տակ քաղաքացուց հավելյալ գումար գանձել: Այսպիսով` խախտվում են քաղաքացու իրավունքները: Նա հավելյալ ժամանակ է վատնում, լրացուցիչ` չնախատեսված վճարումներ կատարում»,- ասաց նա՝ հարցադրում անելով, թե արդյունքում կարո՞ղ ենք կանխատեսել, որ քաղաքացին կփորձի ներքին կարգով, առանց հստակ ձևակերպման, առանց իրավական կարգավորում տալու, առանց փաստաթղթերի լուծել իր հարցերը:

«Այսինքն, դու ստիպում ես քաղաքացուն, որ նա կոռուպցիայի դաշտ մտնի»,- նշեց իրավաբանը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանին էլ ինքնանպատակ է թվում մասնավորաբար անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ առկա պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող:

«Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»,- ամփոփեց Վարդանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր