Այլևս երբեք. Փաշինյանի գրառումը Սումգայիթյան ջարդերի առնչությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին՝ սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված հայերի խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Այլևս երբեք»,-գրել է Ն. Փաշինյանը:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։
Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։