2274 դիտում
12:45 23-02-2019
Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում
Հայաստանում տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում ունեցած ելույթում: Միջոցառումը տեղի է ունենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցում են նաև մի շարք ներդրողներ՝ տարբեր ներդրումային ծրագրերով, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և մարզպետներ:
«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»,- «[url=https://armenpress.am/arm/news/965306.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:
«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու. այո, նաև խոսքով: Ցավոք մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը, բայց որպես Քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն` բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյո՞ք միայն խոսքով. իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:
«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ, պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ՝ եթե որևէ բիզնես փայ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից անել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965306.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
688 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր