Լա Լիգա. «Ռեալի» հաղթական սերիան անսպասելի ավարտվեց Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 24-րդ 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց կատալոնական «Ժիրոնայից»:
«Արքայական» ակումբը Խուլեն Լոպատեգիի պաշտոնանկությունից և Սանտյագո Սոլարիի նշանակումից հետո վերջապես հաղթական ուղու վրա էր կանգնել, միայն Լա Լիգայում թիմը 5 անընդմեջ հաղթանակ էր տարել, այդ թվում՝ «Ատլետիկոյի» նկատմամբ: Իսկ «Ժիրոնան» ընդակառակը՝ մինչ այս խաղը 6 անընդմեջ պարտություն էր կրել և հայտնվել էր վտանգավոր գոտում:
Թվում էր, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» հերթական հաղթանակը կտանի, մանավանդ, երբ խաղի 25-րդ րոպեինԿազեմիրոն բացեց հաշիվը:
Սակայն 2-րդ խաղակեսում «Ժիրոնան» կերպարանափոխվեց և բավական ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեց, ինչը ի վերջո իր պտուղները բերեց: Հանդիպման անհաջողակը դարձավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Նախ, 64-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում նա ձեռքով խաղաց, գլխավոր մրցավար Գուլիերմո Կուադրա Ֆերնանդեսը նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն ավրեպ իրացրեց Կրիստիան Ստուանին: Իսկ Ռամոսը դեղին քարտ ստացավ:
75-րդ րոպեին «Ժիրոնայի» հերթական բազմաքայլ կոմբինացիան պսակվեց հաջողությամբ. հաղթական գոլը խփեց Կրիստիան Պորտուգեսը:
Իսկ 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ռամոսը:
Այս պարտությունից հետո «Ռեալը» 45 միավորով երրորդ տեղում է՝ «Բարսելոնային» զիջելով 9 միավոր:



