211652_close_icon
views-count2690 դիտում article-date 12:24 14-02-2019

Նման կտրուկ քայլերը բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարության ներկայացված ծրագրում հաստատ կան բացեր, սխալներ, «հում»՝ չմշակված դրույթներ և այլն: Բայց ընդհանուր գաղափարախոսությունը, որը ԱԺ ամբիոնից ներկայացնում է վարչապետը, իմ կարծիքով, ճիշտ է. տնտեսական զարգացումը պետք է հիմնվի մեր՝ քաղաքացիներիս տնտեսական, կասեի նաև՝ քաղաքացիական վարքագծի վրա: Այդ առումով, այո, անգամ թոշակառու տատիկը պետք է ՀԴՄ կտրոն պահանջի ցանկացած առևտուր անելուց, հարկեր պետք է մուծեն բոլորը, այդ թվում՝ փաստաբաններն ու երգիչները (այլ հարց է, թե ինչպես է պետք դա կազմակերպել), առանձին ընկերություններ չպիտի մաքսային և հարկային արտոնություններ ունենան, ինչպիսի գեղեցիկ ձևակերպումներով էլ իրենց ցանկությունները հիմնավորեն, մայրաքաղաքի փողոցները պետք է ազատ լինեն գետնին փռված մթերքից: Նման կտրուկ քայլերը հաստատ բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա, կլինեն դժգոհներ, շատ հնարավոր են նաև էմոցիոնալ արձագանքներ. «Բա ինչ անե՞նք: Թողենք, գնա՞նք էս երկրից: Գնանք Թուրքիա՝ մարմնավաճառությա՞մբ զբաղվենք: Ադրբեջանից քաղաքական ապաստա՞ն ուզենք»: Այս սրտաճմլիկ հռետորաբանությանը հեղափոխությունից առաջ տուրք էին տալիս որոշ կայքեր, սոցցանցերի օգտատերեր և, իհարկե, այն ժամանակվա պոպուլիստական ընդդիմությունը՝ «տեսնում եք, ինչ են անում խեղճ ժողովրդի հետ»: Անցած լինի: Հիմա ժամանակն է հաստատել չոր, անողոք, «կույր» կանոններ, որոնք կընդունվեն մեկընդմիշտ և բոլորի կողմից կպահպանվեն սրբորեն: Եվ իսկապես պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ, օրինակ, առևտրականների նման ցույցերը հաճախ կազմակերպում են տոնավաճառների տերերը, որոնք պարզապես չեն ուզում հարկեր մուծել և «առաջին գիծ» են ուղարկում իրենց աշխատողներին, իրենցից կախում ունեցող մարդկանց: Այնպես որ, այդ «ժողովրդական բողոքների» տարերայնության վերաբերյալ ես նույնպես կասկածներ ունեմ: Նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանությունը հաճախ հետքայլ էր կատարում իր՝ այս դեպքում միանգամայն ճիշտ որոշումներից: Ուրիշ տարբերակ չուներ՝ լեգիտիմության ցածր աստիճանը, օլիգարխիայի (այդ թվում՝ ներմուծողների և տոնավաճառների տերերի) հետ «փոխկապակցված» լինելն այլ ելք չէր թողնում: Հիմա այս գործոնները չկան, և, հետևաբար, պետք է արագ կարգի բերել այս ոլորտները: Թե չէ հետո, վախենամ, նմանատիպ գործոններ դարձյալ ի հայտ գան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր