211652_close_icon
views-count1765 դիտում article-date 16:35 09-02-2019

Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Ներկայացնելով այցի ընթացքում ունեցած հանդիպումները և դրանց արդյունքները՝ նախարար Մնացականյանը կարևորեց իր պատվիրակության կազմում բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը հնարավորություն ընձեռնեց գործնական քննարկումներ անցկացնել տվյալ ոլորտում էստոնական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ այդ ոլորտում էստոնական կողմի ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կբացի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն նոր հեռանկարներ: Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններին առնչվող հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Երկուստեք կարևորվեց Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությունը՝ որպես ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբնույթ շփումների և նախաձեռնությունների հարթակ: Կողմերը նաև գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաև տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրներ: Զոհրաբ Մնացականյանը Սվեն Միկսերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր