2193 դիտում
15:24 07-12-2018
Զոհրաբ Մնացականյանը և Չեխիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստան- ԵՄ գործընկերության շուրջ
Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն կարևոր այդ առաքելությունում:
Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Պետրժիչեկը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև հաստատված շահավետ փոխգործակցության և հայ-չեխական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը որպես գործնական համագործակցության հիմնական ուղղություններ առանձնացրեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և սմարթ զարգացման ոլորտները՝ կարևորելով տվյալ հարթակում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զոհրաբ Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները և անդրադարձ կատարելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա ապահովելու ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթաց:
Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը՝ առաջին հերթին նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցման միջոցով:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
17:05 30-11-2023
Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց