211652_close_icon
views-count1467 դիտում article-date 21:18 07-02-2019

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էյկի Նեսթորի հետ

Փետրվարի 7-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված դրական փորձը և նշվեց, որ միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգում այս բնագավառները կարող են ստանալ նոր բովանդակություն և որակ: Հայաստանի ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ այդ առնչությամբ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը շեշտեց Արևելյան գործընկերության դերը՝ որպես նախանշված նպատակների ուղղությամբ միասին աշխատելու և փոխգործակցություն ծավալելու արդյունավետ հարթակի: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն նշեց, որ այս ամիսների ընթացքում կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի մանդատի հիման վրա նախաձեռնած բարեփոխումները: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը:

Նմանատիպ նյութեր