211652_close_icon
views-count2357 դիտում article-date 11:01 01-02-2019

«Կոմիսարներ» և պրոֆեսիոնալներ․ հանրային ԶԼՄ-ները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Հետհեղափոխությունը», ինչպես հայտնի է, քաղաքականացված մոտեցումների շրջան է: Այն, ինչ եղել էր, մերժվում է՝ ի հեճուկս սթափ և բանական մոտեցումների: Շախմատն այլևս իմաստունների խաղ չէ, որովհետև այն քարոզվում էր նախորդ ղեկավարի ժամանակ: Տիգրան Մանսուրյանն այնքան էլ լավ մտավորական չէ, քանի որ որևէ իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնում: Անգամ օնկոլոգիական հիվանդությունն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը հասարակության կողմից մերժված մարդու մասին է: Ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Բայց այն փոխվել է ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ՝ էլի է փոխվելու: Այսօր դեռ կա հետհեղափոխական ոգևորությունը, կես տարուց այն կնվազի, մեկ տարուց ամբողջությամբ կվերանա: Այլ կերպ չի կարող լինել՝ անկախ իշխանության և ոգևորության որակից. այն, ինչ մի օր ստեղծվել է, առաջացել է, ծնվել է՝ սկսած մարդու մարմնից և վերջացրած ամենաբարդ մեխանիզմով, մի օր վերանալու է, քայքայվելու է, անպետք է դառնալու: Վերը նշված օրինակների հետ կապված կարելի է ասել՝ մի օր «կպարզվի», որ շախմատն, այնուամենայնիվ, իմաստունների խաղ է՝ անկախ նրանից, թե ով է ֆեդերացիայի նախագահը, Մանսուրյանը բացառիկ մտավորականներից է, իսկ հիվանդությունը մնում է հիվանդություն թե՛ Դալայ-լամայի և թե՛ եղկելի հանցագործության մեջ կասկածվողի համար: Իհարկե, իրավիճակի հաջորդ փոփոխությունից հետո «կհայտնվի» որևէ նոր բան, որը «խիստ դատապարտելի» է: Այս «անսթափ» վիճակում քաղաքական պաշտոնները պետք է զբաղեցնեն հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ուրիշ տարբերակ չկա: «Կարմիր կոմիսարները» պետք է անեն բոլոր այն սխալները, որոնք հատուկ են նման ժամանակաշրջաններին՝ ընդհուպ մինչև վերարկու պահելու, «դաչաների» և «պադավատների» հաճույքները: Որպեսզի սխալներն ու ծայրահեղությունները վտանգավոր չլինեն պետության համար, մնացած ոլորտները պետք է տալ պրոֆեսիոնալներին: Վերցնենք թեկուզ Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն: Ի՞նչ կանի «կոմիսարը», եթե գա այնտեղ՝ փոխարինելու ներկայիս ղեկավարին: Նա, բնականաբար, կփորձի ամեն կերպ քարոզել «հեղափոխության արժեքները» և այդ «բարձունքներից» խրատներ ու հրահանգներ տալ գործի մասնագետներին, որոնք այդ ոլորտում դեռ մնացել են: Ինչպե՞ս կվարվի պրոֆեսիոնալը. նա իր փորձով կկարողանա տարբերակել ժամանակավորը (այն, ինչ կարևոր և արդիական կլինի միայն մոտակա ամիսներին) և մնայունը՝ շեշտը դնելով հենց այդ արժեքների վրա: Իսկ որ հանրային, ոչ մասնավոր լրատվամիջոցները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով, ոչ թե ընկնեն կոմերցիոն օգուտների հետևից՝ դրանում ես չեմ կասկածում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր