1041 դիտում
11:59 16-07-2016
Այսուհետ պետք է մնայուն աշխատանքներ իրականացնենք, որոնք կնպաստեն ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ժամանակ ամփոփվել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների ու ԼՂՀ շրջանների և համայնքների միջև հաստատված համագործակցության արդյունքները: Արցախի կառավարության նիստերի դահլիճում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկա են գտնվել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և պաշտոնական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:
Իր գոհունակությունը հայտնելով համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Մարգարյան, որ Երևանի քաղաքապետ դառնալուց ի վեր հատուկ ուշադրության կենտրոնում եք պահում Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը: Հենց Ձեր նախաձեռնությունն էր նաև ԼՂՀ շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության հաստատումը,
ինչն ակտիվորեն զարգանում է: Երևանի և Ստեփանակերտի համագործակցության մասով էլ բոլորս ենք տեսնում, թե
որքան սերտ է երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում:
Եվ համոզված եմ, որ ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերությունների բնականոն զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և հանդիպում-քննարկման իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ համագործակցության բոլոր ծրագրերի շրջանակում իրապես մեծ աշխատանք է կատարվել և առաջարկել է նախ լսել այդ մասով Երևանի վարչական շրջանների ղեկավարների ամփոփիչ զեկույցները:
Ըստ այդմ, հատկանշվել է, որ համագործակցությունը տարեցտարի դինամիկ զարգացում է գրանցել, ինչի վառ ապացույցը նաև պաշտոնական և աշխատանքային երկուստեք փոխայցելությունների վերջին երկու տարիների վիճակագրությունն է: Նշվել է, որ, մասնավորապես, 2014 թվականին Երևանից ԼՂՀ է այցելել 8 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 1 պատվիրակության: Իսկ արդեն 2015 թվականին Արցախ է այցելել 72 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 40-ը: Նաև նշվել է, որ այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում արդեն գրեթե կրկնապատկվել են 2015-ի տարեկան ցուցանիշները՝ 63 պատվիրակության և աշխատանքային խմբի այց Երևանից, 46 այց էլ Արցախից Երևան: Ընդ որում, հատկանշվել է, որ սա ոչ թե սոսկ վիճակագրություն է, այլ կոնկրետ աշխատանքների ու ծրագրերի իրականացման ցուցանիշներ, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել զեկույցներում:
Ամփոփելով հանդիպում-քննարկման արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կողմերին 2012 թվականից սկիզբ առած պաշտոնական համագործակության կայացման գործում ունեցած մասնակցության ու ներդրած ջանքերի համար, համոզմունք հայտնելով, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ երկու քաղաքների, նաև հայկական երկու պետությունների զարգացման, առաջընթացի և հզորացման համար:
«Բացի մեր մասնագիտական փորձը ԼՂՀ շրջաններին փոխանցելուց, մենք նաև տեսանելի աշխատանքներ պետք է կատարենք հանրային տարածքներում: Եթե այս տարիների ընթացքում ավելի շատ բարեկամության ամրապնդման ճանաչողական այցեր ենք իրականացրել Արցախի շրջաններ, ապա այս տարվանից սկսենք արդեն ավելի ընդլայնված, մեծ ծրագրեր իրականացնել, ինչը տեսանելի և շոշափելի կլինի Արցախի մեր հայրենակիցների համար: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ կազմել տարեկան ծրագրեր, որոնք առավելագույնս կնպաստեն մնայուն և տեսանելի աշխատանքներ իրականացնելուն, ինչն իր հերթին, վստահաբար, կնպաստի ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը», - ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Հանդիպումն ավարտվել է համագործակցության անցած տարիների մասին պատմող տեսանյութի դիտումով:
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
713 դիտում
16:33 27-02-2017
Տարոն Մարգարյան. «Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնենք»