46138 դիտում
09:56 30-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ավտոլվացման կետի սպասասրահ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արտակ Ներսիսյանը Իսակովի պողոտայում իր վարած BMW մակնիշի 85 NA 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետի սպասասրահի պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+