211652_close_icon
views-count1966 դիտում article-date 19:52 29-01-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարեւորելով դեսպանի դերակատարությունը: Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր հիմքերը: Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, կարեւորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները: Ջուդիթ Ֆարնուորթը, նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության, վերահսկողության մեխանիզմների զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Դեսպանը, խոսելով ՀՀ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` տիկին Ֆարնուորթը կարեւորել է բարեկամական խմբերի փոխգործակցության ակտիվացումը եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Նմանատիպ նյութեր