211652_close_icon
views-count848 դիտում article-date 17:19 06-03-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջեւ կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը: Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը: Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առեւտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարեւորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ մասնակցությունը երկրի զարգացման գործում: Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների եւ ձեւավորված բարենպաստ մթնոլորտի մասին:

Նմանատիպ նյութեր