211652_close_icon
views-count1563 դիտում article-date 19:44 06-05-2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

«Մենք շահագրգռված ենք ընդլայնել եւ խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարեւորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան:

Օգտվելով առիթից՝ ԱԺ նախագահը Հայաստան հրավիրեց Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:

«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»-ընդգծեց ԱԺ նախագահը:

Միրզոյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:

Դեսպանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

 

 

Նմանատիպ նյութեր