211652_close_icon
views-count1741 դիտում article-date 21:43 25-01-2019

Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի հունվարի 25-ի նիստում Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ «Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը: Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և, անդամներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը, փաստեց, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է: «Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնեց, որ Խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար: «Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշեց Խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց Խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրեց, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում: Ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ: Խորհրդի անդամները դիտեցին 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձավ ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից: Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի Խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատեց բավարար, ինչպես նաև հաստատեց համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրն ու 2018-ի հակակոռուպցիոն ռազմավարութան իրականացման հաշվետվությունը»:

Նմանատիպ նյութեր