211652_close_icon
views-count5814 դիտում article-date 12:44 12-06-2018

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»,– ասվում է վարչապետի որոշմամբ։ Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 26-ին Երևանում, գերմաներենի ուսուցչի ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1985-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1995 թթ. որպես փորձալրող, ասիստենտ, դոցենտ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում։ 1993 թվականից հայոց լեզու է ավանդում Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականից աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան` որպես հայագիտության ամբիոնի դոցենտ, դասավանդում է հայերենագիտական տարբեր առարկաներ։ 1989 թ. փետրվարի 13-ին «Նախդիրների բառակազմական արժեքը հայերենում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1993 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել հայոց լեզվի բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար։ Մասնակցել է միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների, լեզվաբանական գործնական հանդիպումների։ 2011-2013 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակչական բաժնի տնօրենը։ Մանկական «Ուրախ գնացք» և պատանեկան «Իմ մոլորակը» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր։ 100-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ (և համահեղինակ) է։ Ամուսնացած է, ունի 2 դուստր և 2 թոռնիկ։

Նմանատիպ նյութեր