Նախարարությունը բժշկական ապահովագրական համակարգում ներառելու է գրանցված աշխատող անձանց. Ա. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նշեց, որ դեռևս բազմաթիվ հարցեր որոշված չեն, օրինակ, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի ապահովագրության համար:
«Բայց աշխարհում կա 2-30 տոկոսի պրակտիկան։ Մենք հակված ենք սկսել փոքր տոկոսից, որ դա բեռ չլինի քաղաքացիների համար: Մենք մեր մտքում ունենք որոշակի թվեր, սակայն, քանի որ կան քաղաքական որոշումներ, այդ տոկոսները փոխվելու են: Օրինակ, եթե որոշվի, որ կենսաթոշակառուներին ևս ընդգրկում ենք համակարգում, այդ տոկոսը աճելու է»,-ասաց նախարարը:
Հավելեց, որ համակարգի փուլային ներդրման, նաև մինչ 2021 թվականը այս 2 տարին օգտագործելու իմաստն այն է, որ բոլոր հարցերի պատասխանները ճշգրիտ հաշվարկվեն, և համակարգի ներդրման ժամանակ ձախողման հավանականությունը փոքրացնեն: Իսկ հետագայում քննարկվելու է թոշակառուների ընդգրկման հարցը, որովհետև նրանց համար կամ պետք է վճարի պետությունը, կամ աշխատող քաղաքացիները՝ իրենց տարեց համաքաղաքացիների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք: