211652_close_icon
views-count1885 դիտում article-date 14:56 19-01-2019

Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրն ավարտվել է ամփոփվել են ՊԵԿ և ՀԲ համատեղ ծրագրի արդյունքները

Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը»(TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային և մաքսային ծառայությունների բարեփոխումներին. «Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մի շարք ձեռքբերումներ արձանագրել վարչարարական գործընթացների ավտոմատացման, էլեկտրոնային համակարգերի զարգացման և հարկ վճարողների սպասարկման ոլորտի բարելավման ուղղություններով: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք հարկային ու մաքսային տեղեկատվության հավաքագրման, և, ընդհանրապես, վարչարարությանն տեսանկյունից ավտոմատացված, եթե ոչ լավագույն համակարգը, ապա լավագույններից մեկը: Այս համակարգում բացառվում է կամ գրեթե բացառվում է մարդկային գործոնը, ավտոմատացված են բիզնես գործընթացները»: ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր ևս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները: Համաշխարհային բանկի ՀՎԱԾ-ի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան դրական է գնահատել կատարված աշխատանքները. «Թիմի հետ աշխատում եմ ծրագրի հենց սկզբից: Մեր առջև դրված բոլոր նպատակները համարում եմ բավարար կատարված: Համեմատության համար ասեմ, որ ծրագրի սկզբում հարկ վճարողների ընդամենը 20 տոկոսն էր օգտվում էլեկտրոնային հայտարարագրումից, իսկ այսօր արդեն հասել ենք 80 տոկոսի, ինչը զգալի արդյունք է»: Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի շրջանակում իրագործված հարկային վարչարարության բարեփոխումները և հարկային մարմնի արդիականացման արդյունքները, ինչպես նաև ամփոփիչ տեսագրական հաշվետվությունը: «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ղեկավար Անահիտ Բասենցյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից սարքավորումներով համալրվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնը, հարկային տեսչությունները և սպասարկման կենտրոնները: Ներդրվել է մոնիտորինգի կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ վերլուծական համակարգով` մեծ տվյալների (big data) մշակմամբ: Միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոններ են ստեղծվել Երևանում և Դիլիջանում: Հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում հարկային վարչարարության վերաբերյալ: Վերազինվել է ՊԵԿ ենթակառուցվածքների ներքին ցանցը` ապահովելով համակարգերի և տվյալների անվտանգությունը: Մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, մասնավորապես՝ գանձապետական տվյալների հաշվառման, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման, հարկերի էլեկտրոնային վճարման, իրավական վարույթների կառավարման, կամերալ ուսումնասիրությունների ենթահամակարգերը, ինչպես նաև ՊԵԿ ստուգումների կառավարման և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը: Ծրագրին աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որի խորհրդատվությամբ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա համակարգված ծրագիր: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր