211652_close_icon
views-count2952 դիտում article-date 12:05 10-01-2019

Այս տեմպերով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Արմեն Աշոտյան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրարկման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից: Հիշեցնեմ , սակայն, որ համաձայնագիրն այս պահին՝ ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա ): Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը, կախված է լինելու ընտրությունների արդյունքներից, հետընտրական դասավորումներից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից: Որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը վավերացվի անհրաժեշտ կլինի՝ 1. Արագացնել ռատիֆիկացիայի գործընթացը մնացած 19 երկրներում 2. Եվրոպական ընտրություններից առաջ մաքսիմալ դրական ազդակներ ուղարկել Բրյուսել 3. Արագացնել երկրի ներսում համաձայնագրի իրականացման գործընթացը՝ ըստ ոլորտների ձեռնամուխ լինելով իրական բարեփոխումներին։ 4. Առավելագույն չափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը։ 5. Եվրոպական ընտրություններից հետո արագ կապ հաստատել ԵՄ նոր ղեկավար վերնախավի հետ՝ փորձելով առաջ տանել «հայկական դոսյեն»։ Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր