3440 դիտում
10:20 01-08-2019
Եթե անգամ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, միևնույն է, Հայաստանում չի գործի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին է։ Հայաստանում, սակայն, Եվրոպայի խորհրդի այդ փաստաթղթի շուրջ քննարկումը շեղվել է բուն թեմայից և ձեռք է բերել «ազգապահպան» բնույթ։ Շատերը համոզված են, որ եթե կոնվենցիան վավերացվի, մեր ազգը և պետությունը կկործանվեն։
Ինչպես հայերի մեծամասնության, այնպես էլ անձամբ ինձ համար ընտանիքը կնոջ և տղամարդու միության արդյունք է, այդպես է գրված նաև Սահմանադրության մեջ, և ցանկացած օրենք կամ կոնվենցիա, որը կհակասի այդ թեզին, անընդունելի է թե՛ իրավական և թե՛ բարոյական տեսանկյունից։ Իհարկե, կան այլ ազգեր, այլ երկրներ, որտեղ մեծամասնությունն ընտանիքի մասին այլ պատկերացում ունի։ Ես դա չեմ համարում այլասերվածաթյուն պարզապես այլ մշակույթի դրսևորում է։ Մեկը քրիստոնյա է, մեկը բուդիստ, մի տեղ ընդունված է, որ կանայք հիջաբ կրեն, մի տեղ ընդունված չէ, որոշ երկրներում սիրում են տապակած ծղրիդ ուտել, այլ երկրներում չեն սիրում։ Եվ ի՞նչ։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ, մեկը լավ է, մյուսը վատ։ Ամեն մի ազգ ապրում է իր պատկերացումներով, իսկ մեր, հայերիս, պատկերացումն ընտանիքի մասին հստակ է։
Բայց թող որևէ մեկն ինձ ցույց տա Ստամբուլյան կոնվենցիայում որևէ կետ, որը խոսում է միասեռական ամուսնությունների կամ «երրորդ սեռի» մասին։ Այդ գոյություն չունեցող կետերը հնարել են մարդիկ, որոնք այդ կոնվենցիան չեն կարդացել, պարզապես լսել են ինչ-որ «ազգափրկիչ» խոսակցություններ։ Մարդիկ տեսնում են ինչ-որ ակնարկներ, ինչ-որ տողատակեր։ Օրինակ, ասվում է՝ քանի որ կոնվենցիայում խոսվում է ոչ թե ամուսինների, այլ զուգընկերների մասին, ուրեմն զուգընկերները կարող են լինել երկու կին և երկու տղամարդ։ Ես, ճիշտն ասած, այստեղ նման խնդիր չեմ տեսնում։ Շատ ավելի հավանական է, որ խոսքը զագսավորված և չզագսավորված զույգերի մասին է։ Հայաստանում կոմունիստների ժամանակ կային և հիմա էլ կան հարյուրավոր նորմալ ընտանիքներ, որտեղ ծնողները երեխաներ են դաստիարակում, բայց իրենց հարաբերությունները պաշտոնապես չեն գրանցել։ Նրանք, իրավական առումով, զուգընկերներ են։
Կամ ասում են՝ կոնվենցիայում կա sex հասկացությանը, այսինքն՝ սեռ Ֆիզիկական առումով, բայց կա նաև gender-ը՝ սեռի հոգեբանական, սոցիալական ընկալումը։ Բայց չեմ կարծում, որ ընտանեկան բռնության տեսանկյունից այդ նուրբ խնդիրը որևէ կարևորության ունի։ Սակայն ենթադրենք՝ այդ կոնվենցիայում կան այդ բոլոր խութերը։ Այդ դեպքում կարելի է կոնվենցիան վավերացնել վերապահումներով կամ ընդհանրապես չվավերացնել՝ ինչպես ասում են, հեղափոխությունը դրանից չի տուժի։
Բայց եթե անգամ կոնվենցիան վավերացվի, այն, միևնույն է, Հայաստանում չի գործի, որովհետև ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող հաղթահարել մեր տղամարդկանց «քյարթուությունը»՝ «իմ կնիկն ա, իմ երեխեն ա, կուզեմ՝ կչռփեմ, կուզեմ՝ քացու տակ կքցեմ»։ Ընտանեկան բռնության Հայաստանում չի լինի միայն այն դեպքում, երբ տղամարդիկ կհասկանան՝ եթե սիրում ես կնոջը, նրան պետք է փայփայել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31263 դիտում
10:29 04-11-2021
Անցնում է 2-3 տարի, և բոլորը գլորվում են միևնույն փոսի, միևնույն ճահճի մեջ․ «Առավոտ»
6005 դիտում
09:52 17-07-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ - Ընտանեկան բռնությունն ու Ստամբուլյան կոնվենցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»