211652_close_icon
views-count6086 դիտում article-date 11:26 10-01-2019

Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «[url=https://armenpress.am/arm/news/960225.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ հանդիպումից: Ջորջ Բարսեղյանը նշեց, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը: «Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղավ: Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Նա նկատեց, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված: «Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերություն տրվելու է հայերին» ,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Նա նկատեց, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չհամարեց այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել: Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար: «Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ: Նախ` Հայաստան-Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու: Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, մենք պետք է նաև այդ մասին մտածենք»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Բաշար Ասադի հետ հանդիպումը նշանավորվել է խորհրդանշական նվերի փոխանցմամբ: Սիրիայի նախագահին է փոխանցվել Հայաստանում գտնվող մի հուշարձանի մակետ, որը խորհրդանշում է հայերի երախտագիտությունը Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության տարիներին տրամադրված մեծ աջակցության համար: Հուշարձանը գտնվում է դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին, այն կառուցվել սփյուռաքահայերի միջոցներով: Հուշարձանը պատկերում է Սիրիայի քարտեզը, հայկական արծիվը, հավերժության սյունը, որի վրա գրված է 1915 թվական: 2013 թվականին տեղի է ունեցել հուշարձանի ոչ պաշտոնական բացումը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/960225.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր