Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ:
Քաղաքապետը նշել է Երևանի առաջնահերթությունները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանություն, և հույս հայտնել, որ ամերիկյան քաղաքների հետ այս ոլորտներում փորձի փոխանակման առիթներ կլինեն:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն իր հերթին շնորհավորել է քաղաքապետին և նրա թիմին՝ ընտրությունների ընթացքում տարած տպավորիչ հաղթանակի և քաղաքի կառավարումն ստանձնելու կապակցությամբ:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ բարեկամությունը շատ երկար պատմություն ունի, և գոհունակությամբ նշել է, որ այժմ էլ երկու երկրների միջև բաց երկխոսություն է ընթանում:
Զրուցակիցները համաձայնել են շարունակել փոխշփումները համայնքի և դեսպանության միջև: