211652_close_icon
views-count1997 դիտում article-date 11:44 26-12-2018

Արայիկ Հարությունյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ինչպես տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժնից, ողջունելով ուսանողներին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերների հաղթահարումը պայմանավորված է տնտեսական զարգացման շարունակական ապահովմամբ: Նրա խոսքով՝ երբ ինքը նշանակվել էր ԱՀ վարչապետի պաշտոնում, երկու հիմնական առաջնահերթություն է դրել իր առջև՝ ապահովել հանրապետության պարենային և էներգետիկ անվտանգությունը՝ զուգահեռաբար ապահովելով տնտեսական աճի բարձր տեմպեր: «2007 թվականին երբ ստանձնեցի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմում էր 70 մլրդ դրամ: Թե՛ պարենային և թե՛ էներգետիկ անվտանգության առումներով լուրջ խնդիրներ կային: Հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց բեկում մտցնել տնտեսության զարգացման ու կառուցվածքի փոփոխության հարցում, և համախառն ներքին արդյունքը ավելի քան քառապատկել: Այս տարի այն կկազմի մոտ 303 մլրդ դրամ, կամ մեկ բնակչի հաշվով ավելի քան 4200 ԱՄՆ դոլար»,- նշել է Հարությունյանը: Խոսելով ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերի և կյանքի որակի համարժեք փոփոխության զուգահեռների մասին՝ բանախոսը նշել է, որ ֆինանսական եկամուտների առումով, իսկապես, անհամաչափություն կա, սակայն դրանց հարաբերակցության չափման համար բազմաթիվ այլ գործոններ կան: «Տնտեսության զարգացման շնորհիվ մենք կարողացել ենք զգալիորեն կրճատել գործազրկությունը, կառուցել մեծ թվով դպրոցական և նախադպրոցական շենքեր, ստեղծագործական կենտրոններ, ճանապարհներ ու հանրային նշանակության բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնել: Մի քանի անգամ ավելացել է սոցիալական ծրագրերի թիվը: Արդյո՞ք այս ամենն ուղղված չէր կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը: Խոսելով Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ նա ընդգծել է, որ պետք է շարունակել պահպանել տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճի տեմպը: «Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել սոցիալական խնդիրների հիմնական մասը, կտրուկ նվազեցնել աղքատության մակարդակը և իրականացնել ենթակառուցվածքային բավականին լուրջ ծրագրեր: Սա մեզ համար այսօր երազանք է, սակայն վաղն այն իրականություն է դառնալու»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ պարզաբանելով և մանրամասնելով, թե ինչպես է նախատեսվում այդ ցուցանիշներին հասնել և ապահովել այդ արդյունքները: Գյուղատնտեսության ոլորտում, ըստ Հարությունյանի, ստեղծված են հիմնական բարենպաստ նախադրյալները, և տարեցտարի ավելանում է գյուղատնտեսական համախառն արտադրանքը: «Արդեն ունենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, դրանից բխող ծրագրեր, ինչպես նաև փորձ, որը թույլ է տալիս համարձակ հայտարարել, որ կառավարության կողմից ընդունված ծրագիրը խիստ իրատեսական է»,- ասել է նա: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նա նշել է, որ ոլորտը անվտանգային առումով մեծ կարևորություն ունի, ինչը պայմանավորված է արտաքին միջավայրից բխող մի շարք գործոններով: «Էներգետիկ անվտանգության ապահովման առումով, ելնելով էկոլոգիական խնդիրներից և ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից, մենք նախընտրեցինք հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն գերազանցել է ներքին սպառման ծավալները, և առաջիկա տարիներին այն պետք է հասցնել մինչև 1 միլիարդ կՎտ/ժ արտադրության: Այդ պարագայում, ըստ մասնագիտական հաշվարկի, հնարավորություն կլինի աստիճանաբար հրաժարվել բենզինից, դիզվառելիքից և գազից՝ Արցախը էներգետիկ առումով ամբողջությամբ դարձնելով ինքնաբավ ու անվտանգ»: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտներին և դրանց զարգացման հեռանկարներին: Վերջում Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուսանողներին առաջարկելով երեք ամսվա ընթացքում ներկայացնել բիզնես-նախագծեր, որոնցից լավագույն երեքը կստանան համապատասխան ֆինանսական աջակցություն: Բացի այդ, Ա. Հարությունյանը համալսարանի ղեկավարությանը առաջարկել է ընտրել բարձր առաջադիմությամբ սովորող 15 ուսանող, ինչպես նաև բարձր արդյունավետություն ունեցող 7 դասախոս, որոնց կտրամադրվի ամառային արձակուրդները ծովափնյա հանգստավայրերից մեկում անցկացնելու հնարավորություն, իսկ ևս երկու լավագույն ուսանողներ ճանաչողական այցով կմեկնեն Վենետիկ և Սուրբ Ղազար կղզի:

Նմանատիպ նյութեր