«Ինտերը» խստորեն պատժել է Նայինգոլանին
«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին ժամանակավորապես հեռացնում է ֆուտբոլային գործունեությունից:
Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշման պատճառը կարգապահական է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:
Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր 30-ամյա բելգիացին ուշացել է թիմի առավոտյան մարզումից, իսկ ավելի վաղ ակումբին հայտնի է դարձել, որ Ռաջան մեծ գումար է վատնել ազարտային խաղերի վրա, հայտնում է Armsport.am-ը:
Սպասվում է, որ Նայինգոլանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումը, որը կայանալու է դեկտեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ Ռաջա Նայինգոլանն ամռանն է 38 միլիոն եվրոյի դիմաց «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր», որի հետ կնքել է մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր:


