211652_close_icon
views-count6609 դիտում article-date 00:03 23-12-2018

Անգլիա. Առաջատարների սենսացիոն պարտություններ, Թաունսենդի սուպերգոլը ու Սուլշերի փառահեղ նորամուտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձություններով չափազանց հարուստ ստացվեց Անգլիայի առաջնության 18-րդ տուրը: Խոշոր անակնկալների և ուշագրավ հանդիպումների հրավառություն էր: Գլխավոր սենսացիան տեղի ունեցավ Մանչեսթերում, որտեղ Գվարդիոլայի «Սիթին» 2:3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին», որն այս մրցաշրջանում մեծ դժվարությամբ է միավորներ վաստակում: Սա «Սիթիի» 2-րդ պարտությունն էր առաջնությունում: Խաղին իսկական զարդը դարձավ «Քրիսթալի» կիսապաշտպան Անդրես Թաուսենդի սուպերգոլը: Լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», նույնպես սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Լեսթերին»: «Չելսիի» բախտն այս խաղում ահավոր չբերեց: Բազմաթիվ գոլային պահեր չիրացրեցին, մի քանի անգամ հյուրերին փրկեցին դարպասաձողերը, իսկ «Լեսթերի» հազվադեպ հակագրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ: Ահա այսպիսին էլ կարող է լինել ֆուտբոլը: Եվ այնուամենայնիվ, տուրի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Ուելսում, որտեղ «Կարդիֆը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Հյուրերը օրեր առաջ զրկվել էին իրենց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որին փոխարինեց մանկունյանցիների նախկին լեգենդար հարձակվող, նորվեգացի Օլե-Գունար Սուլշերը: Սա Սուլշերի նորամուտն էր նոր պաշտոնում: Կարելի էր ակնկալել ամեն ինչ, բայց այսպիսի փառահեղ մեկնարկ ոչ-ոք չէր սպասում: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, արագ, հարձակողական, գեղեցիկ, վստահ և ջախջախեց 5:1 հաշվով: Ընդ որում, մանկունյանցիների կազմում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները նրանք էին, որոնք Մոուրինյոյի կողմից վաղուց պահեստայինների նստարան էին ուղարկվել, պորտուգալացին նրանց չէր վստահում, նրանց նույնիսկ հրապարակավ քննադատում էր, իսկ նրանք այսօր իրենց խաղով պատասխանեցին. Պոգբա՝ 2 գոլային փոխանցում, Մարսյալ՝ գոլ, Լինգարդ՝ 2 գոլ: Սա եվս մեկ անգամ վկայում է, որ Մոուրինյոյին պետք է ավելի շուտ պաշտոնանկ անեին: Իսկ այս խաղի ամենաապշեցուցիչ փաստն այն է, որ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում 1 խաղում 5 գոլ էր խփել... սէր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մարզչական խաղում՝ 2013 թվականի մայիսի 19-ին: Դրանից հետո մանկունյանցիները ոչ Դևիդ Մոյեսի, ոչ՝ Լուի Վան Գալի, ոչ՝ Ռայան Գիգզի, և ոչ էլ՝ Ժոզե Մոուրինյոյի օրոք մեկ խաղում այդքան գոլ չէին խփել: Արտառոց և խորհրդանշական փաստ է: Շատ լավ է, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդին» միանգամից այսպիսի վստահություն ներշնչեց: Սրանից ԱՊԼ-ի առաջնությունն ավելի կհետաքրքանա, պայքարն ավելի կսրվի: Իսկ առայժմ՝ այս տուրից հետո, արդեն հետևյալ պատկերն ունենք. «Լիվերպուլը»՝ 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին», վաստակեց 48 միավոր և արդեն 4 միավորով է առաջ 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»: «Տոտենհեմը» 39 միավորով 3-րդն է՝ ունենալով 1 խաղ պակաս: 37-ական միավոր ունեն «Չելսին» և «Արսենալը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր