10687 դիտում
18:30 19-12-2018
Քառօրյա պատերազմի վերաբերյալ գաղտնի նյութեր եմ կարդացել և ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/958714.html]«Արմենպրես»-[/url]ը, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծեց՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները: Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:
Նա հավելեց, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: «Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել: «Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և դեռ ստուգման կարիք ունեն: «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծեց նա:
Փաշինյանը խոսեց նաև սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի մասին, որում իր կողմնակիցները, այս պահին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տարակուսանք են հայտնում, որ Արշակ Կարապետյանը ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից ռազմական կցորդ: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե ինչ-որ հայտարարություն որևէ մեկի հասցեին հնչում է բանավոր, դա չի նշանակում, որ այդ մարդու հասցեին կայացվել է դատավճիռ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար