211652_close_icon
views-count1883 դիտում article-date 09:23 14-12-2018

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4699813.html#player-start-time=0.120994]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները բոլոր մակարդակներով. «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»: Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը երեք ուղղություններով. կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն: Պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատոր Մենենդեզի հարցին՝ Լինն Թրեյսին նշել էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի իր լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին. «1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին Սենատի հանձնաժողովը հաստատել է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավար դեսպան Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր