1458 դիտում
10:21 04-07-2019
Վարշավայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը և Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը:
Համատեղ նիստի ընթացքում հայ և լեհ պատգամավորները հանդես են եկել զեկույցներով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հարցերի, ինչպես նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում կողմերը համոզմունք են հայտնել, որ ոլորտային համապատասխան երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը, օրենսդրական գործունեության հետ կապված փորձի փոխանակումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջև երկկողմ կապերի խթանմանը: Նշվել է, որ համատեղ լսումների կազմակերպումը, փոխադարձ այցերը, միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը ևս իրենց նպաստը կբերեն վերոնշյալ նպատակների իրականացմանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Լեհաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման առնչությամբ և հույս հայտնել, որ ԵՄ մյուս երկրների ազգային խորհրդարանները ևս Համաձայնագիրը հնարավորինս արագ կվավերացնեն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հրամայականը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հաջորդ համատեղ նիստը նախատեսելով անցկացնել 2020 թվականին՝ Երևանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1126 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ